Այսօր բեկումնային օր է․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Բաղրամյան պողոտայում արտախորհրդարանական ընդդիմության հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այսօր բեկումնային օր է։

Նա նշեց, որ ցավով է հիշում նոյեմբերի 9-ը։

«Բանակը արդեն վերականգնվում է։ Բեկումնային է նաև այն առումով, որ արդեն ընթացքը գնաց, գրեթե ամբողջ ժողովուրդն է այստեղ, արդեն բոլորն են մեզ հետ։ Այս ժողովուրդն է, որ պետք է վերականգնի Հայաստանը, ստեղծի բանակը, նվաճի Արցախը»,-նշեց նա։

Մանուկյանի խոսքով՝ ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, որ Նիկոլ Փաշինյանի գնալն անխուսափելի լինի:

«Դրանից հետո պետք է քննարկենք՝ էդ ի՞նչ ձևով եկան, որ տիրեցին մեզ: Այստեղ և՛ Արցախի հարցը կար, և՛ Հայաստանի: Եթե ուզում ես գրավել Արցախը, նախ պետք է գրավես Հայաստանը: Դրա համար իրենք աննկատ գրավեցին Հայաստանը, հետո՝ Արցախը: Դա լրիվ մշակված, իրար հետևից գնացող քաղաքականություն էր: Պետք է հասկանանք՝ ո՞նց եղավ, որ ընկանք էս վիճակում, պետք է դասեր քաղենք: Մի մարդու քշելով՝ հարցը չի վերջանում», – նշեց վարչապետի միասնական թեկնածուն:

Նա նաև ընդգծեց, որ դասեր պետք է քաղել՝ ինչպիսի պետություն, ինչպիսի ժողովուրդ ենք ուզում լինել:

«Դուք գիտեք, որ Փաշինյանը նորից թուղթն ուղարկել է նախագահին, նա 3 օրվա ընթացքում պետք է պատասխան տա։ Նա ամուր է կանգնած, բայց նրա ամրությունը կախված է ձեր ամրությունից։ Ինչքան ամուր մենք կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը՝ բանակը։ Հետո հարցն անցնելու է ՍԴ, մենք պետք է կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պահպանի բանակի, մեր ժողովրդի, մեր ազգի շահերը, դա նորից մեզանից է կախված։ Եթե մեջքը դատարկ է, այդ կառույցները կարող են չդիմանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել