Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 3 դատական գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց։

Դատական գործերից առաջինի շրջանակներում Թուրքիան մեղավոր է ճանաչվել հայցվորի դեմ անմարդկային վերաբերմունքի և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման համար։

2003թ․ Ն․Չ․-ն դիմել է թուրքական դատարան՝ պնդելով, որ 12 տարեկանում երկու կանայք իրեն ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել։ Գործի շրջանակներում 27 անձ է ձերբակալվել, բայց ավելի ուշ նրանց մի մասն ազատ է արձակվել, մի մասն էլ ամենամեղմ պատիժներ է ստացել։ Տուժողին ստիպել են մանրամասներ պատմել իրեն հարկադրված գործողությունների մասին, ինչպես նաև՝ 10 անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ ամենը ծայրաստիճան տրավմատիկ է եղել տուժողի համար և գործի քննության տեսակետից՝ ոչ պարտադիր։ Բացի այդ՝ դատավարությունը տևել է 2003-2011 թթ․, ինչը ըստ ՄԻԵԴ-ի, չափազանց երկար ժամկետ է։

Ըստ Ermenihaber-ի, հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները խախտելու մեջ և պարտավորեցրել է բողոքաբերին վճարել 5․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո՝ որպես դատավարական ծախսերի փոխհատուցում։

Երկրորդ դատական գործը վերաբերում է ծովակալ Քադիր Սաղդաչի՝ «անձնական կյանքի գաղտնիության իրավունքի» խախտմանը։ Թուրք ծովակալի դեմ 2009թ․ Թուրքիայում դատական գործ է հարուցված եղել։ Տեղական մամուլը Սաղդաչի վերաբերյալ որոշ գաղտնի տվյալներ է հրապարակել՝ խախտելով նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Սաղդաչը «Taraf» և «Şafak» թերթերի դեմ դատական հայց է ներկայացրել, բայց տեղական դատարանները այդ հայցերը մերժել են։ Իսկ երկրի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ոչ մի իրավունքի ոտնահարում էլ տեղի չի ունեցել։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ լրագրողները թուրք ծովակալի վերաբերյալ իրենց հոդվածներում հիմնվել են չստուգված տեղեկությունների վրա, իսկ որոշ փաստերի հարպարակմամբ էլ խախտել են քննության գաղտնիության սկզբունքը։ Ելնելով վերոնշյալից՝ ՄԻԵԴ-ը պահանջել է Քադիր Սաղդաչին վճարել 2․000 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Երրորդ գործը վերաբերում է փաստաբան Ռամազան Դեմիրի՝ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտմանը։ Թուրք փաստաբանը 2016թ․ գտնվել է Սիլիվրիի բանտում և ցանակացել է մուտք գործել ՄԻԵԴ-ի, Թուրքիայի Սահմանադրական դատարանի և պետական պաշտոնաթերթի կայքեր՝ սեփական պաշտպանությունը կազմելու, ինչպես նաև՝ իր պաշտպանյալների գործերին հետևելու համար։ Սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թեև բանտերում ինտերնետի հասանելիության սահմանափակումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում չէ, բայց հաշվի առնելով, որ նշված կայքերում միայն իրավաբանական տեղեկություններ են, որոնք այլ ճանապարհով ձեռք բերել հնարավոր չէ, ուստի դրանց հասանելիության սահմանափակումը տեղեկացված լինելու իրավունքի խախտում է։

Այս գործи շրջանակներում ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է փաստաբան Ռամազան Դեմիրին վճարել 1․500 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել