ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը։
«Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվեց մինչեւ երեք ժամ:
Փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 16 հարց:
Փոփոխություններ կատարվեցին Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մի շարք որոշումներում: Հետայսու Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով՝ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը»,- ասված է հայտարարության մեջ: