Փետրվարի 3-ին Արցախյան պատերազմում զոհված Սոս Փորքաշյանը կդառնար 20 տարեկան: Նա 2019 թվականի հուլիսի 24-ին էր զորակոչվել բանակ, ծառայել է Մատաղիսում: Սոսը դիրքի ավագ էր, ծնողների խոսքով՝ իր 5 զինակիցների հետ կարողացել է մի քանի դիրք գրավել, մեկուկես օր մենամարտի են բռնվել թշնամու հետ:
«Այնքան թուրք կա սպանված, իրենց զենքերը վրաս, իրենց դեմ կռվում եմ»,-ծնողների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր Սոսը:
Հոկտեմբերի 9-ին թշնամու անօդաչուն ընկել է խրամատի մեջ, 5 տղաները տարբեր աստիճանների վիրավորում են ստացել, իսկ Սոսը զոհվել է: «Ինքը միայն հայրենիքը չէր սիրում, ինքն ամեն ինչն էր սիրում, ամենքին էր սիրում, կյանքն իր համար շատ հետաքրքիր էր»,- ասում է Սոս Փորքաշյանի հայրը՝ Արարատ Փորքաշյանը:
«Իր առջև դրված ցանկացած խնդիր պետք է լուծեր ու իր մոտ դա շատ լավ էր ստացվում, թե՛ քաղաքացիական կյանքում, թե՛ հետո արդեն ծառայության ժամանակ»,- պատմում է հայրը: