Դավիթ Գալստյանը կկալանավորվի․ դատարանը բավարարել է միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:

Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը և այլն։

Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ:

Գալստյանն այսօր հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել