ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը:
Անվանակոչման ընթացակարգ
Ըստ ներկայացված նախագծի՝ պետական ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշումներն ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։ Դասասենյակների, կաբինետների և դահլիճի անվանակոչման մասին որոշումներն էլ ձայների մեծամասնությամբ ընդունում է մանկավարժական խորհուրդը։ Անվանակոչման առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ուսումնական հաստատությունը, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք։
Առաջարկությունը պետք է պարունակի տեղեկություններ հաստատության հասցեի, առաջարկվող և գործող անվանումների մասին, ինրպես նաև ունենա հիմնավորում։ Պարտադիր է համայնքի և ուսումնական հաստատության (կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել։
Առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում և ընդունում է որոշում: Անվանափոխումը մերժելու դեպքում նշվում են պատճառները: Հաստատելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անվանափոխման որոշումը տրամադրվում է ուսումնական հաստատությանը` կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու և պետական ռեգիստր ներկայացնելու նպատակով:
Ում անվամբ կարող է կոչվել ուսումնական հաստատությունը
Ուսհաստատությունները կաորղ են անվանակոչվել պետական, հասարակական, զինվորական նշանավոր գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի շրջանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով։
Հաստատությունը կարող է կոչվել նաև ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների անուններով, եթե դրանք նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնադրման, վերակառուցման, վերազինման և նորոգման գործում:
Դպրոցը նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:
Նոր անվանափոխում` առնվազն 20 տարի հետո
Հաստատության անվանումը կարող է փոփոխվել անվանակոչումից առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում։ Բացառիկ դեպքերում անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում։
Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային և անվանական կարգով:
Ուսումնական հաստատությունների թվային անվանակոչման դեպքում ուսումնական հաստատության թվային անվանմանը պետք է նախորդի համայնքի կամ բնակավայրի անունը (օրինակ՝ Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց կամ Երևանի թիվ 186 հիմնական դպրոց):
Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները՝ իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:
Անվանում տալու դեպքերը
Հաստատությանն անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են.
նոր կառուցվող կամ հիմնադրվող, անանուն և միայն թվային անվանում կրող ուսումնական հաստատություններին,
ուսումնական հաստատությունների անվանումները կանոնավորելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ առկա է ուսումնական հաստատության անվանումը փոխելու որոշում:
Նշենք, որ իրավական նոր կարգավորման նպատակն է անվանակոչությանը և անվանափոխությանն առնչվող գործընթացները կազմակերպել արդյունավետ ու անաչառ` հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը, սահմանելով համապատասխան չափորոշիչներ և ընդհանուր սկզբունքներ։