Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 30-ին, ուղիղ եթերում պարզաբանում է Շուշիի վերաբերյալ իր կողմից արված արտահայտության իմաստը։
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողները նրան հարցրին՝ ըստ իրեն՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, որից հետո վերջինս լրագրողներից մեկից փորձում էր պարզել՝ որդյոք նա՞ է իրեն նման հարց տվել։ Երբ Yerkir.am կայքի լրագրող Լիանա Սարգսյանն ասաց, որ ինքը ևս տվել է այդ հարցը, վարչապետը հարցրել է, թե որտե՞ղ է նման բան ասել, թող թղթի վրա գրի, բերի, ինքն ուղիղ եթերում կպատասխանի այդ հարցին․ իր պայմանը՝ հարցին պատասխանելու, դա է։
Yerkir.am կայքի լրագրող Լիանա Սարգսյանն էլ հունվարի 29-ին պաստառի վրա գրել էր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերը՝ նշելով․ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան» և բերել կառավարության շենքի դիմաց։
Փաշինյանն այսօր ուղիղ եթերում ասաց, որ այս մասին այժմ խոսում է, քանի որ խոստացել էր։ «Սա շատ լավ առիթ է՝ ցույց տալու, թե կառավարության դեմ լրատվական ինչիպիսի մանիպուլյացիաներ են տեղի ունենում, վերջին շրջանի աղմկահարույց հարցերից և վերանգրերից մեկն այն մասին է, թե ես, իբր, հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ։
Ինչ առիթով է խոսվել այս մասին․ խոսվել է հետևյալ առիթով, երբ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ես արել եմ հետևյալ արտահայտությունը, նախադասությունը մեջբերում եմ ամբողջությամբ․ «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ Ադրբեջանի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ»․ և ահա այս արտահայտությունն օգտագործելով, ոմանք պնդում են արել, թե ես պնդում եմ, թե Շուշին հայկական քաղաք չէ»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում