Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը ընտրեց որպես խափանման միջոց։
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Նվազագույն բանը, որ կարող եմ անել, դատարանի որոշումը բողոքարկելն է, թեև այս պահին նոր եմ ստացել, չեմ հասցրել ընթերցել, բայց կասկածից վեր է այն հանգամանքը, որ որոշումը չի կարող օրինական և արդարացի լինել՝ հաշվի առնելով, թե ինչ միջնորդություն և ինչ մեղադրանք էին ներկայացրել պարոն Բադասյանին։ Երբ «սպառնալիքը» դարձել է սահմանադրական կարգ տապալելը կամ իշխանությունը զավթելը, ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչ վառ երևակայություն պիտի ունենա անձը, որ «սպառնալիքի» տակ տեսնի սահմանադրական կարգ տապալել։ Ամեն դեպքում, առնվազն բողոքարկումը կասկած չի հարուցում»,- նշեց փաստաբանը։
Արայիկ Պապիկյանը նաև հավելեց, որ Վահան Բադասյանին արդեն տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին Եռաբլուրում արված իր հայտարարության համար․
«Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։