ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնակի տեղ ունի հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նախարարի՝ համատեղ ծրագրերի ընդլայնումը և փորձի փոխանակումն իրավամբ նպաստում են բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը:

ՌԴ դեսպանը ևս կարևորել է վերոնշյալ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը՝ որպես ռազմավարական նշանակության բնագավառներ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՌԴ-ի հանրակրթական դպրոցներում հայերենի, ինչպես նաև ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման խնդիրներին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ինչպես դասագրքերի հարցին, այնպես էլ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, որոնք 2020 թվականին կազմակերպվել են առցանց՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Դիտարկվել է համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հարցը՝ լուծումներ առաջադրելու համար:

Քննարկվել է նաև միջպետական կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ և ՌԴ քաղաքացիները հնարավորություն են ստանում սովորել երկու երկրների լավագույն բուհերում: Հատուկ կարևորվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությունը՝ որպես երկու երկրների գիտակրթական և մշակութային ջերմ հարաբերությունները խորհրդանշող կառույց:

Նախարար Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ այդ հարցում ակնկալելով ՌԴ աջակցությունը:

Նշվել է, որ այս տարեվերջին ավարտվում է մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք համատեղ միջոցառումների կազմակերպում, ՀՀ և ՌԴ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության ուսումնասիրում, ինչպես նաև գործընկերային կապերի զարգացում: Առաջարկվել է մշակել և ստորագրման ներկայացնել մշակույթի ոլորտում առաջիկա տարիների համար համագործակցության նոր ծրագիր:

Կողմերը նաև փաստել են, որ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում էր անցկացնել Ռուսաստանի մշակույթի օրեր, իսկ 2021 թվականին՝ Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այդ աշխատանքները հետաձգվել են: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ իրավիճակն առաջիկայում կկարգավորվի, և այն չի խոչընդոտի հետագա նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հանրակրթության բարեփոխումներին և, մասնավորապես, «Կրթության միջազգային գործընկերության»՝ վերջերս ձեռք բերված դրամաշնորհի շրջանակում կրթության ոլորտում ձևավորված տեղական կրթության խմբի աշխատանքներին այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներգրավման հնարավորությունը:

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել