Պաշտոնապես հրապարակվել և ուժի մեջ է մտել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը

Պաշտոնապես հրապարակվել և ուժի մեջ է մտել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգից` arlis.am-ից:

1. ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) անվանակոչման մասին որոշումները, սույն կարգի պահանջներին համապատասխան, ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ ըստ ենթակայության։

2. Ուսումնական հաստատության անվանակոչման վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան ուսումնական հաստատությունը, իրավաբանական և ֆիզիկական անձինք:

3. Առաջարկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

1) ուսումնական հաստատության հասցեն,

2) ուսումնական հաստատության առաջարկվող և գործող անվանումները,

3) հիմնավորումը,

4) անվանումն առաջարկողի տվյալները,

5) ուսումնական հաստատության (կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել,

6) այն ֆիզիկական անձի և (կամ) կազմակերպության գործունեության վերաբերյալ, որի անունով առաջարկվում է իրականացնել անվանակոչությունը:

4. Անվանակոչման վերաբերյալ առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում (Երևանում՝ Երևան քաղաքի ավագանու հերթական կամ արտահերթ նիստում) քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում ուսումնական հաստատության անվանակոչման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնելով մերժման համար հիմք հանդիսացած պատճառները:

5. Ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշում ընդունած լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն տրամադրում է ուսումնական հաստատությանը՝ ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրանցման ներկայացնելու համար:

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

6. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը տարրական դպրոց, հիմնական դպրոց, միջնակարգ դպրոց կամ ավագ դպրոց լրացյալի հետ պետք է անվանակոչվի և գործածվի սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Այգեձորի միջնակարգ դպրոց:

7. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների` -յան, -յանց, -ոնց, -ունց և այլ ածանցներով կազմված ազգանուն լրացումը տարրական դպրոց, հիմնական դպրոց, միջնակարգ դպրոց կամ ավագ դպրոց լրացյալի հետ անվանակոչվում և գործածվում է սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց:

8. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների` ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները, իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:

9. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային կամ անվանական կարգով. օրինակ՝ թիվ 26 միջնակարգ դպրոց:

10. Ուսումնական հաստատությունների թվային անվանակոչման դեպքում ուսումնական հաստատության թվային անվանմանը պետք է նախորդի համայնքի կամ բնակավայրի անունը. օրինակ՝ Երևանի Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց:

11. Անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են`

1) նոր կառուցվող կամ հիմնադրվող ուսումնական հաստատություններին,

2) անանուն ուսումնական հաստատություններին,

3) միայն թվային անվանում կրող ուսումնական հաստատություններին,

4) ուսումնական հաստատության անվանումը փոխելու որոշում կայացրած հաստատություններին,

5) ուսումնական հաստատությունների անվանումները կանոնավորելու դեպքում,

6) ուսումնական հաստատության անվանման փոփոխության դեպքում:

12. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել․

1) ֆիզիկական անձանց անունով կամ ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) անվանմամբ, եթե այդ անձինք կամ կազմակերպությունները նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնանորոգման, վերակառուցման գործում: Սույն կետի իմաստով նշանակալից ներդրում է համարվում այդ ուսումնական հաստատությունների հիմնանորոգման կամ վերակառուցման ծախսերի (ներառյալ դրամ, գույք կամ սարք, սարքավորումներ) առնվազն 2/3-րդը ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջոցների հաշվին իրականացնելը կամ այդ նպատակով օրենքով սահմանված կարգով կնքված գործարքի հիման վրա նվիրաբերություն կատարելը,

2) ուսումնական հաստատության շրջանավարտների անունով՝ ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների համար,

3) պետության համար ավանդ ունեցող պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:

13. Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:

14. Սույն կարգին համապատասխան անվանակոչություն չի կարող իրականացվել՝

1) հանրային շահերի համար ռիսկեր ստեղծող գործունեություն իրականացրած կամ դրա մեջ ընդգրկված ֆիզիկական անձանց անվամբ կամ կազմակերպությունների անվանումով,

2) հանցագործությունների համար դատապարտված անձանց անվամբ, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

15. Ուսումնական հաստատություններն անվանակոչվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով, իսկ թվային անվանակոչման դեպքում` արաբական թվերով:

16. Եթե անվանակոչված ուսումնական հաստատությունը վերակազմակերպման ձևով միավորվում (միաձուլվում) է այլ ուսումնական հաստատության հետ, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված ուսումնական հաստատությունը պահպանում է սույն կարգի պահանջներին համապատասխան տրված անվանումը:

17. Եթե միավորվող (միաձուլվող) բոլոր ուսումնական հաստատություններն էլ անվանակոչված են սույն կարգի պահանջներին համապատասխան, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված ուսումնական հաստատության անվանման մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը:

18. Անվանակոչված ուսումնական հաստատության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

19. Բացառիկ դեպքերում ուսումնական հաստատությունների անվանակոչումը կամ անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում, եթե անվանակոչման ներկայացված են՝

1) պետական բարձրագույն պարգև ստացած,

2) միջպետական համաձայնագրերով ամրագրված գործիչների անուններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել