ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանի փոփոխությունները, որոնք ուղղված են որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելուն, հստակեցնելուն, փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը, իրավիճակները կարգավորելուն:
Մասնավորապես, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում որակավորման տարակարգ ստանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարին դիմում ներկայացրած 74 ուսուցչից 19-ի փաթեթները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված պահանջների միջև առկա անհամապատասխանությունների և որոշ բնութագրիչների անհստակությունների պատճառով:
Մասնավորապես՝ հաշվի առնելով, որ «Ֆիզկուլտուրա» առարկան ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների ցանկում՝ վերոնշյալ նախագծով որպես բնութագրիչ ներառվել է նաև ֆիզկուլտուրայի շրջանակներում անցկացվող հանրապետական մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողներ ունեցող ուսուցիչների կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը: Ճշգրտվել է նաև օլիմպիադաների կամ մրցույթների մասնակցության պարագայում սովորողների մրցանակակիր լինելը, գործող կարգում պարտադիր էր մեդալակիր լինելը, այնինչ շատ դեպքերում հաղթանակի համար կարող է մեդալի փոխարեն այլ մրցանակ տրվել, ուստի անհրաժեշտ է ոչ թե մրցանակի կոնկրետ դրսևորումն ամրագրել, այլ մրցանակակիր լինելու հանգամանքը։
Համավարակի պայմաններում ներդրված հեռավար կրթությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ վերապատրաստման տարբեր դասընթացներ են վարել նաև հեռավար եղանակով: Ուստի, նախագծով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում հստակեցվել է նաև այս բնութագրիչը։
Հստակեցվել է հրապարակումների բնութագրիչի ձևակերպումը՝ խուսափելով երկիմաստ մեկնաբանություն ենթադրող ձևակերպումներից։
Ուսուցչի վարպետության մակարդակի բնութագրիչը կդիտարկվի միայն լավ և գերազանց մակարդակների դեպքում, քանի որ գործող կարգով ըստ էության պահանջվում է միայն վարպետության մակարդակի փաստաթղթերի ներկայացում՝ անկախ նրանից, որ դրանց համաձայն գնահատականը կարող է լինել վատ կամ ոչ բավարար։
Նախագծի կարևոր լրացումներից է նոր՝ գիտական աստիճան կամ կոչում ունենալու վերաբերյալ բնութագրիչի ներառումը, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ մասնագիտական գիտելիքների զարգացման համար:
Իհարկե, սրանք գործող կարգի ընթացիկ փոփոխություններ են։ Ավելի գլոբալ փոփոխությունները պահանջում են հանրակրթության մասին օրենքի փոփոխություն, որ նախաձեռնել ենք։ Դրանք ուղղված են տարակարգերի շնորհման սկզբունքներն ու կանոնները ուսուցչի մասնագիտական ստանդարտների հետ փոխկապակցելուն, դիմելու համաչափության սկզբունքի վերանայմանը ևն։ Օրենքի փոփոխություններն առաջիկայում կվերջնականացվեն և կշրջանառվեն»։