Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատությունում իրականացվող շինարարության ընթացքին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ դասասենյակի բացումն իրապես խորհրդանշական է՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման վկայություն:
«Հանդիսանալով կրթամշակութային ուսումնական կենտրոն՝ այն լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Հաշվի առնելով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկությունը՝ լիահույս եմ, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կրթահամալիրը կիրականացնի նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հիմք կհանդիսանա՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը»,- շեշտել է Վահրամ Դումանյանը:
«Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա եմ եղել, թե ինչպես է զարգանում այս դպրոցը: Ներկայում դպրոցում սովորում է 200-250 աշակերտ. առաջիկայում այն կարող է հասնել մինչև 400-450-ի: Սա խորհրդանշական ծրագիր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև, քանի որ ՀՀ կառավարության շնորհիվ է նաև, որ ունենք այս շինությունը»,- իր հերթին նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:
Հյուրերի այն հարցին, թե ինչու են սովորողներն ընտրել հենց այդ կրթահամալիրը, աշակերտները պատասխանել են, որ իրենց հոգեհարազատ են դասավանդման մոտեցումները, ուսումնական միջավայրը: Աշակերտներից մեկի խոսքով՝ կրթահամալիրը համատեղում է հայկական և ֆրանսիական կրթական համակարգերը՝ չնայած ուսումնական ծրագրերի տարբերություններին և ընդհանրություններին: Ըստ աշակերտների՝ դպրոցում գործում են, օրինակ, հիգիենայի, անվտանգության խորհուրդներ, որոնց միջոցով իրենց կարծիքը լսելի է դառնում որոշումների կայացման գործում, ինչը նրանց ոգևորում է: Նշվել է նաև, որ Արցախյան պատերազմի ընթացքում դպրոցն անվճար հիմունքներով հյուրընկալել է արցախցի 13 աշակերտի, որոնց մի մասն արդեն վերադարձել է մշտական բնակության վայր:
Հանդիպումից հետո հյուրերը գրառում են կատարել դպրոցի հուշագրքում: «Տպավորված եմ դպրոցի հարուստ ավանդույթներով, ինչը շատ կարևոր է ցանկացած կրթական հաստատության համար»,- իր տպավորություններով կիսվել է նախարար Վահրամ Դումանյանը:
Նշենք, որ «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը գործում է 2007 թվականից և միակ հաստատությունն է, որն ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության լիցենզավորում և ճանաչված է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով: Դպրոցում ուսուցումն իրականացվում է Ֆրանսիայի Հանրապետության կրթական ծրագրերին և իր կանոնադրությանը համապատասխան: Կրթական ծրագրերի իրականացումը (նախակրթարանի և տարրական դպրոցի մակարդակներում) վերահսկվում է հատուկ տեսուչի կողմից՝ Ֆրանսիայի կրթության նախարարության տված լիցենզիայի հիման վրա, իսկ միջին և ավագ դպրոցում՝ Ֆրանսիայի կրթության նախարարության պատասխանատվության ներքո գործող hեռակա դասավանդման ազգային կենտրոնի միջոցով:
2019 թվականին «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը վերանվանվել է «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր» հիմնադրամի: 2020 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախկին N 16 դպրոցի շենքը հատկացվել է կրթահամալիրին՝ անհատույց օգտագործման: Դրանով ՀՀ կառավարությունն իր ներդրումն է ունեցել Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում՝ իրականացնելով նաև Ֆրանկոֆոնիայի հանդեպ հանձնառությունը: 2020 թվականին կրթահամալիրին տրվել է լիցենզիա՝ գրական հայերենով միջնակարգ հանրակրթական ծրագրով գործունեություն իրականացնելու համար: Դպրոցում գործում է 2 բաժին՝ ֆրանսիական և հայկական։ Ֆրանսիական բաժինն ապահովում է ամբողջական և համապարփակ կրթական ծրագիր՝ 2-18 տարեկան երեխաների և աշակերտների համար։ Ֆրանսիական բաժնի աշակերտները ստանում են միջազգայնորեն ընդունված Բակալորեա դիպլոմը։ Հայկական բաժինն ապահովում է ավագ դպրոցի ծրագիր։
Նշենք նաև, որ դպրոցի նոր շենքը շահագործման կհանձնվի 2021 թվականի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ: