Սահմանադրական դատարանում քննության է ընդունվել «Կոտայքի մարզի «Աբովյան» համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի, «Ծաղկաձոր» համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի և «Նոր Հաճն» համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի դիմումը։
Առաջարկվում է Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի մի քանի հոդվածների վերաբերյալ։
Օրենքի 4-րդ հոդված, 1․1 կետում նշվում է, որ տեղական հանրաքվեի կարող են դրվել տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության հանրային հարցերը, բացառությամբ՝
1) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերի։
6-րդ հոդվածի 2-րդ մասում էլ նշվում է, որ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:
6-րդ հոդվածի 2-րդ մասով էլ նշվում է, որ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին, կամ չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Համայնքի ղեկավարի՝ հանրաքվեի նշանակումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Գործի դատաքննությունը կսկսվի մայիսի 11-ին՝ ժամը 11.00-ին: