Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծումը ժամանակավորապես կարգելվի

Կառավարությունը հունվարի 27-ին որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին։

Նշենք, որ որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և նպատակն է ցեմենտի տեղական շուկայի պաշտպանություն, տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում:

Ակնկալվում է որ որոշումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրը և կգործի երկու ամիս ժամկետով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետն (որոնց միջոցով ցեմենտի ներքին շուկան պաշտպանելու նպատակով սահմանափակվում էր երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը ՀՀ) ուժը կորցրել է 2021թ. հունվարի 1-ից։

Ցեմենտի ներքին շուկան հետագայում էլ ցածր գներով ներմուծվող ցեմենտից պաշտպանելու, տեղական ցեմենտի արտադրությունը զարգացնելու նպատակով առաջարկվում է հիմք ընդունել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հոդված 47-ով սահմանված դրույթը (համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն  կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ) և ժամանակավորապես արգելել ՀՀ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ցեմենտի  ներմուծումը:

Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում ՀՀ կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը: Օրինակ` Բելառուսի Նախարարների Խորհրդի 09.07.2019թ. N 459 որոշմամբ սահմանափակվել է երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմանտի ներմուծումը, իսկ Ղազախստանը ժամանակավորապես արգելել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը:

Առաջարկվում է նշված կարգավորումները ժամանակավորապես կիրառել նաև Հայաստանում (Պայմանագրով սահմանված է առավելագույնը 6 ամիս ժամկետ, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել