«Փոխգնդապետ Արթուր Քարամյանը թողել ու փախել է»․ Անահիտ Հայրապետյանը դիմել է դատախազություն, քննություն է իրականացվում

Իմ երեխան վիրավորվել է փոխգնդապետ Արթուր Քարամյանի սխալ ռազմավարության պատճառով։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց պատերազմի ընթացքում անհետ կորած Արսեն Հայրապետյանի մայրը, Անահիտ Հայրապետյանը։

«Նահանջ է տվել, տարել է երեխաներին տանկի խրամատով, ինքը դիմացով գնացել, երեխաներն էլ հետևիցը։ Թուրքն էլ վերևումա եղել, հարցրել են՝ հայ եք, ադրբեջանցիներն ասել են՝ այո, հայ ենք։ Նրանք սկսել են կրակել, երեխեքը մինչև հասկացել են, որ թուրք են, ուշա եղել։ 200 հոգու ճակատագրի մասին է խոսքը։ Արթուր Քարամյանը թողել ու փախել է, հետն էլ մի մայոր է եղել»,-պատմում է Անահիտ Հայրապետյանը՝ հավելելով, որ պատերազմի ավարտից հետո այդ փոխգնդապետին կոչում են տվել։

Նա նշում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 1-ին, Արսենը պատմել է, որ Ջաբրայիլի կարևոր դիրքերից մեկն են գրավել․ «3 ժամ պահել են, դրոշակը խփել են, իրենց ոչ ոք չի օգնել։ Վիրավորներին էլ չեն օգնել, իմ երեխուն թողել են ընկած ու փախել են։ Իմ որդին գյուղապետի տղուն ասել է՝ գնա, գոնե դու փրկվի»։

Անահիտ Հայրապետյանը նշում է, որ մինչև հիմա ինքը չգիտի՝ իր որդին զոհվել է, թե գերության մեջ։ Նա հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝  փոխգնդապետ Արթուր Քարամյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու պահանջով։

Իրավաբան․net-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ նման հաղորդում ստացել են, այն ուղարկվել է զինվորական դատախազություն, այնտեղից էլ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, կատարվում է քննությունը՝ բոլոր հանգամանքները պարզելու համար․ «Այդ դիմումի դրվագով քննություն է իրականացվում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա»:

Նշենք, որ Արթուր Քարամյանի մասին Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել նոյեմբերի 18-ին ու նշել․ «Մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել 600 զինծառայողի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել