Ջավադ Զարիֆը Երևանում է

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ում «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։

Քաղաքական երկխոսություն

2019թ․ փետրվարի 27-28-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։ Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

2019թ. հուլիսի 2-ին Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիրը։

2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վերջինիս այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Առևտրատնտեսական համագործակցություն

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է։

2020թ. ընթացքում, չնայած COVID-19 համավարակի տարածման բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով մեծացել է՝ կազմելով 2020թ. առաջին 10 ամիսների ընթացքում մոտ 74 մլն. ԱՄՆ դոլար (2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նույն ցուցանիշը կազմել է մոտ 71 մլն. ԱՄՆ դոլար):

Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները ունեն իրացման մեծ ծավալի ներուժ:

Էներգետիկ ոլորտում իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը:

Շարունակվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև 2021թ․ վերջը։ Ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները։

Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման առումով կարևոր է Իրանի հետ սահմանին ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտին (մեկնարկը տրվել է 2017թ. դեկտեմբերին). ներկայումս առկա է ԱՏԳ-ն արդիականացնելու, ինչպես նաև մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտություն:

Ներկայումս Իրանի հետ քննարկվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը։

Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր է «ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը»։ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերի 27-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել