Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվել է՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: Հայտնում է Արդարադատության այադեմիայի ֆեյսբուքյան էջը։
«Հունվարի 25-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի անդրանիկ նիստը։ Ներկա էին Խորհրդի անդամներ Համլետ Ասատրյանը, Հովսեփ Բեդևյանը, Գևորգ Բաղդասարյանը, Արմեն Մարուխյանը, Եղիազար Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանը: Նիստին մասնակցում էր նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից՝ նրա անդամների ձայների մեծամասնությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Ռեկտորը հակիրճ ներկայացրեց Ակադեմիայի 2020 թվականի գործունեության մասին հաշվետվությունը՝ անդրադառնալով իրականացված գործունեության հիմնական ուղղություններին: Խորհրդի անդամները հաշվետվությունը միաձայն ընդունեցին ի գիտություն: Խորհուրդը հաստատեց նաև «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին Արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2021 թ. ուսուցման ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ: