ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի վերաբերյալ ուժի մեջ մտավ հունվարի 24-ին և գործում է։
Նշենք, որ հրամանը ստորագրվել էր 2020-ի հոկտեմբերի 13-ին։
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
l. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Երկարօրյա ուսուցումը կազմակերպվում է երկարօրյա խմբերում (այսուհետ՝ Երկարօրյա խմբեր): Երկարօրյա խմբերը ստեղծվում են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու նպատակով:
3. Հաստատությունում Երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են.
1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,
2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:
ll. Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը
4. Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվում են Հաստատության կողմից դրանցում ընդգրկվող սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա:
5. Երկարօրյա խմբերը համալրվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների:
6. Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի)՝ Հաստատության տնօրենի անունով ներկայացված դիմումի հիման վրա Հաստատության տնօրենի և սովորողի ծնողի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է Հաստատության կողմից երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր` սույն կարգով նախատեսված օրինակելի ձևին համապատասխան:
7. Երկարօրյա խմբերի կազմը, դրանց հետ աշխատող մանկավարժական աշխատողների անվանական կազմը, աշխատանքի տարեկան պլանը և ուսումնադաստիարակչական աշխատանքների կարգացուցակը հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով:
8. Երկարօրյա խմբերի ծրագրերը (այդ թվում՝ լրացուցիչ կրթական) հաստատվում են կրթության պետական լիազոր մարմնի կողմից:
9. Երկարօրյա խմբի աշխատանքի կարգացուցակում նշվում են սովորողների դասապատրաստման, սննդի, հանգստի, ըստ անհրաժեշտության անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակներում ընդգրկված սովորողների անվանական կազմը, խմբակի աշխատանքի ժամերը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների անունները:
10. Երկարօրյա խմբերի աշխատանքի կարգացուցակում փոփոխություններ կարող են կատարվել Հաստատության տնօրենի հրամանով:
11. Երկարօրյա խմբի (խմբերի) աշխատանքի կարգացուցակը և աշխատանքի տարեկան պլանը կազմում է տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը:
12. Երկարօրյա խմբի կարգացուցակով իրականացված աշխատանքները, ինչպես նաև խմբում ընդգրկված սովորողների հաճախումները գրանցվում են էլեկտրոնային մատյանում, որի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
13. Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը 25 է:
14. Սահմանված խտությունից պակաս խտությամբ խումբ կարող է բացվել Հաստատության ֆինանսական միջոցների, իսկ մասնակի կամ լրիվ վճարովի խմբերում ծնողների վճարումների հաշվին: Վճարի չափն ու վճարման եղանակը հաստատվում է Հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կողմից, իսկ ոչ պետական Հաստատության դեպքում՝ հիմնադրի որոշմամբ:
15. Երկարօրյա խմբերում ընդգրկված ցածր առաջադիմությամբ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, սույն կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Երկարօրյա խմբերում ընդգրկված մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել Հաստատության ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կողմից կատարվող մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին:
16. Երկարօրյա խմբերում ընդգրկված ՀՀ Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման ծառայությունների անվճար մատուցումը կարող է կազմակերպվել Հաստատության ֆինանսական միջոցների հաշվին՝ խորհրդի որոշմամբ:
17. Հաստատության Երկարօրյա խմբերը ձևավորում են մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվում են տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
18. Երկարօրյա խմբի ռեժիմը (պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում) չի կարող գերազանցել շաբաթական 30 ժամը:
19. Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:
20. Հաստատության երկարօրյա խմբերում մանկավարժական աշխատողի մեկ դրույքի լրիվ ծանրաբեռնվածությունը (աշխատանքի ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական 30 ակադեմիական ժամը:
21. Երկարօրյա խմբերը ըստ դասարանների կամ կրթական աստիճանի կազմավորելիս` մանկավարժական աշխատողի համար սահմանվում է վճար տվյալ խմբի համար կարգացուցակով սահմանված աշխատանքների դասաժամերի չափով: Երկարօրյա խմբի հետ աշխատող մանկավարժական աշխատողի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից (մինչև 30 ժամ):
22. Երկարօրյա խմբերի սովորողները կարող են օգտվել Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից:
23. Հաստատության երկարօրյա խմբերում աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և սույն կարգով:
24. Հաստատության երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման սովորողների կյանքի և առողջության պահպանման, հանգստի ապահովման, խմբերի աշխատանքների կանոնակարգման համար պատասխանատու է Հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը:
Վերահսկողության համար պատասխանատու է Հաստատության տնօրենը:
25. Երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման, սովորողների հաճախումների ապահովման համար պատասխանատու են մանկավարժական աշխատողները և սովորողների ծնողները:
Մանրամասները՝ այստեղ։