ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ է ներկայացրել։
Պատգամավորն առաջարկում է պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից հրաժարվել։
Հիմնավորման մեջ մասնավերապես նշվում է․ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորականներ: Պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետեւանքով նրանցից շատերը ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն: Հայտնի է, որ Հայաստանում առանց այն էլ անբավարար սոցիալ-տնտեսական վիճակը չափազանց ծանրացել է եւ՛ համավարակի եւ՛ պատերազմի հետեւանքով: Ուստի հասկանալի է, որ անկախ ամեն ինչից 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում առկա են աննկարագրելի դժվարություններ, որոնք սոցիալապես ծանր վիճակի դեպքում դառնում են անհաղթահարելի, իսկ որոշ դեպքերում նաեւ կյանքի հետ անհամատեղելի․․․Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար, հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11 %-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին եւ տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում, այն էլ ԱԺ պատգամավորների կողմից առկա միջոցների պարագայում լրացուցիչ եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»: