Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնում են․
«Արշակ Մուրադյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է՝ այն հերոս սովորողներից, ով պատերազմի առաջին օրից կամավոր էր մեկնել ռազմաճակատ։
Քարվաճառում առաջադրված խնդիրը գերազանց կատարելուց հետո ստորաբաժանման հետ տեղափոխվել է Արցախի հարավ՝ Ջրական, այնուհետև Իշխանաձոր։
Իշխանաձորում մարտական գործողության ժամանակ անհրաժեշտ է եղել հետ նահանջել։ Տեխնիկայով հանդերձ՝ զորքը դիրքավորված է եղել Իշխանաձորում, իսկ ապագա բժիշկը շտապ օգնության մեքենայով գտնվել է Սանասարում՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Արշակին տեղեկացել են, որ իրեն կցված ստորաբաժանումը հայտնվել է հրետանային կրակի տակ, իսկ տեխնիկաները խոցվել են։
Հրամանատարի և վարորդի հետ վերադառնում են Իշխանաձոր։ Անտեսելով թշնամու հրետանային հարվածները և անօդաչու սարքերը, գիտակցելով կյանքին սպառնացող վտանգները՝ նրանց հաջողվել է ներխուժել կրակային դիրք, անվնաս դուրս բերել անձնակազմին՝ տեղափոխելով Սանասար։ Այնուհետև նրանք իրենց գործունեությունը շարունակել են Կովսականում, իսկ այդտեղից էլ՝ Շուշիում:
Պատերազմի վերջին օրերին եղել են Բերձորում։ Հրադադարը կնքելուց հետո ապագա բժիշկը տուն չի վերադարձել և ստորաբաժանման հետ տեղափոխվել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ՝ իրականացնելու մարտական հերթապահություն, որտեղ 20 օր շարունակ մասնագիտական պարտքն է կատարել ո’չ միայն զորքի, այլև տեղի բնակիչների համար։ Ինչպես շատ մասնակիցներ, ԵՊԲՀ սովորողը ևս պատերազմի մասին խոսել այդքան էլ չի սիրում:
«Պատերազմի դաշտում գիտակցականը միշտ պետք է հաղթի վախին: Կյանքում անգամ ամենադժվար պահին, երբ գիտակցում ես, որ մարդկային կյանքը կախված է քեզանից, ուժերիդ և գիտելիքներիդ ներածին չափով պետք է օգնես ու պատվով կատարես քո առջև դրված խնդիրը: Պատերազմում էլ է այդպես, որովհետև գիտակցում ես, որ մի ամբողջ ստորաբաժանման կյանքն ու առողջությունը հենց քո ձեռքերում է, և դու այդ պահին էլ ավելի պատասխանատու պետք է մոտենաս քո մասնագիտությանը»,-դիպուկ բնութագրում է ապագա բժիշկն ու մարտիկը։
Արշակ Մուրադյանը որպես նեղ մասնագիտացում ընտրելու է դիմածնոտային վիրաբուժությունը: Այժմ նա աշխատում է ծննդավայրում՝ Հրազդանի բժշկական կենտրոնում»։