Երևանի և մարզերի 99 դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ․ ԿԳՄՍՆ

Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի՝ 84, կենսաբանության՝ 84 և աշխարհագրության՝ 48 լաբորատորիա:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաները ստեղծվել են ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Լաբորատոր սարքավորումների տրամադրման, կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացներին զուգահեռ լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

Ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանի խոսքով՝ նմանատիպ լաբորատորիաները կնպաստեն երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը, խմբային աշխատանքների, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը: Ավագ դպրոցների ուսուցիչները փաստում են, որ դպրոցներում ստեղծված արդիական այս միջավայրում աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով՝ համապատասխան նյութերով և սարքավորումներով կատարելով լաբորատոր փորձեր: Նորարարական այս լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման առումով:

Մինչ գործընթացի մեկնարկը ‹‹Կրթական ծրագրերի կենտրոնն» ուսումնասիրել է այս ոլորտում միջազգային փորձը, մշակել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, կահավորման մոդելները, իրականացրել կարիքների գնահատում: Միաժամանակ, հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների ընդունած չափորոշիչները:

Նշենք, որ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում է ևս 8 ավագ դպրոց, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կամփոփվի հիմնանորոգման ավարտից հետո՝ 2021 թ.-ի սեպտեմբերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել