Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։
Նախարարները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ:
Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն:
Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվեց, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»,- ասված է հայտարարության մեջ: