Արցախում նոր նախարարության ստեղծման օրինագծին խորհրդարանը հավանություն է տվել

Արցախի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել և ընդունել է օրենք համաձայն որի Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառելու են մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:

Խորհրդարանի հունվարի 22-ի արտահերթ նիստում ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է  «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի խոսքով՝ օրենքի նախագծի փոփոխությունը պայմանավորված է 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման հետ:

«Օրինագծով նաև  առաջարկվում է, որպեսզի  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության,  ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար՝  արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենն ու ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

Նախքան հարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը  հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Նոր նախարարության ստեղծման վերաբերյալ օրինագիծը Արցախի խորհրդարանն ընդունել է  16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել