«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը, հայտնում է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Այս փուլում մենք այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց խմբակցությունն էլ չի մասնակցի քվեարկությանը։
«ԲԴԽ-ում ընդդիմության՝ թեկնածուների առաջադրման փորձերը ձախողվել են իշխանությունների կողմից: Սրանով, փաստորեն, ընդդիմությանը դուրս դրեցին դատաիրավական բարեփոխումներին ուղղակի կամ անուղղակի մասնակցելու հնարավորությունից։ Որոշում ենք կայացրել չմասնակցել ԲԴԽ անդամների քվեարկությանը»,-նշել է նա։
Նշենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին»,- ասված է հայտարարության մեջ: