Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը: Մեծ հայրենասերի ու հայի այդ կերպարը հենց այդպես էլ կմնա մեր նորագույն պատմության հերոսական էջերում և յուրաքանչյուր հայի սրտում:
Սրբազա՛ն Հայր,
Թույլ տվեք մեր հավատավոր ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ հայտնել խորին հարգանացս հավաստիքը և երախտագիտության ու բարեմաղթանքի ամենաջերմ ու անկեղծ խոսքերը: Արեւշատություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ: Թող Աստծո լույսն ու զորությունը միշտ ուղեկցեն Ձեզ:
Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: