Հունվարի 21-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ տեղափոխվել է մի երիտասարդի դի։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում անհայտ անձը սուր-կտրող-ծակող առարկայով խփել է Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Ս.-ի կրծքավանդակին ու որովայնին։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց ժամերի ընթացքում։ Պարզվել է, որ վիճաբանության ընթացքում 17-ամյա պատանին դեպքի վայր է կանչել 20-ամյա եղբորը, նա էլ սուր-կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառել Արմեն Ս.-ին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 23.00-ին, Օշական գյուղում եղբայրները հայտնաբերվել և բերման են ենթարկվել Աշտարակի բաժին, որտեղ 20-ամյա եղբայրը հայտնել է, որ ինքն է դանակահարել 19-ամյա երիտասարդին:
20-ամյա կասկածյալը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: