Գլխավոր դատախազությունը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ շահարկումների մասին

Yerevan today լրատվական կայքը, վկայակոչելով Dejavu տելեգրամյան ալիքին ու վերջինիս՝ «դատախազությանը մոտ կանգնած աղբյուրին», մտացածին հերյուրանքներ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, իբր, հոգեվիճակի և դրանով պայմանավորված՝ նրա ու ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ վարչապետի միջև, իբր, կայացած զրույցի վերաբերյալ, ինչը տարածվել է նաև այլ լրատվամիջոցներով:

Այս մասին Իրավաբան.net-ը  պարզաբանում է խնդրել Գլխավոր դատախազությունից, որում ասված է.

«Հրապարակման բովանդակությունը հեքիաթասացության չհաջողված փորձ է, հակառակ դեպքում «տեղեկատվության սեփական աղբյուրը» չպետք է զլանար նաև նշելու թե ով կամ ովքեր են ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում իբրև թե կայացած դրամատիկ առանձնազրույցը սղագրողները: Այս առումով դժվար չէ հասկանալ, թե ինչու է ոմանց հետաքրքրում միայն փող ուզելու, գրդոն անելու երևույթը՝ այդ չափանիշով այլոց մասին դատողություններ անելու համար։

Սահմանափակվում ենք ընդամենը արձանագրելով, որ ակնհայտ կազմակերպված այս անորակ կեղծիքը նախորդ օրը դատական նիստերի դահլիճում իրականացված սադրանքի, գործով մեղադրողների նկատմամբ վերջին շրջանում ակտիվացած քարոզչական, բարոյահոգեբանական անպտուղ ճնշումների գործադրման տրամաբանական, բայց անթույլատրելի շարունակությունն է:
Իսկ դատական նիստի կապակցությամբ գլխավոր դատախազի տեղակալի հոգեվիճակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար խորհուրդ է տրվում նորից, ցանկալի է՝ մի քանի անգամ, դիտել միջադեպի տեսանյութը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել