Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձել։ Նախագիծը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 81 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:
Հարկային օրենսգրքով կառավարությանը տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկը՝ ծրագրի հավանության արժանանալու դեպքում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ սակայն այս առումով խնդիր են ունենում, փաստացի ներդրումային ծրագիր իրականացնելիս գործարարի մոտ որոշակի անորոշություն է առաջանում. կառավարությունն արդյոք կհաստատի՞ ծրագիրը, թե ոչ: Այսպիսով` կառավարությունը որոշել է հստակություն մտցնել․ «Մենք նպատակահարմար ենք գտնում, որ այսուհետ ներդրումային ծրագրերի համար լինի շատ ավելի շատ հստակություն, և նախագծում ներառված միջանկյալ ու կապիտալ սպառման ապրանքների ներմուծման ժամանակ չգանձել ԱԱՀ: Սրա արդյունքում կրճատում են վարչարարությունը և մտցնում ենք շատ ավելի շատ հստակություն՝ ներդրումային ծրագիր իրականացնելու ժամանակ», -ասել էր Ավանեսյանը:
Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը: