ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են: Դրանցից են՝ օդանավերի լուսատու սարքերը, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումները և ոչ միայն:
Նախարարին մանրամասն ներկայացվեց գործարանում ներկայումս ընթացող արտադրական գործընթացներն ու առկա հնարավորությունները:
Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրեց, որ գործարանում կան նաև խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել: Նշվեց նաև, որ Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող և ստուգող լաբորատորիաներով:
Հակոբ Արշակյանը կարևորեց հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական գործընթացն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական արտադրանքի կիրառության կարևորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում:
Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասաց, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում:
Նշենք, ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում»,- ասված է հաղորդագրության մեջ: