Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են․ ՀՀ ԱՍՀՆ

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Ծրագրերին դիմել կարող են պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում փաստացի գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են Արցախի վերհսկողությունից դուրս մնացած համայնքներում։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։

Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34,000 դրամի չափով:

Մյուս ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»-ն է, որի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները: Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է:
Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ այս հասցեում՝ լրացնելով համապատասխան դիմումը»,- ասված է հայտարարության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել