Բարձրաստիճան պատվիրակությունների այցերի ծրագրում առաջարկվում է ներառել Եռաբլուր այցելությունը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական արարողակարգի մասին» օրենքում։

Ինչպես հայտնի է, պետական արարողակարգի ընթացակարգում՝ նորմատիվ իրավական ակտերով բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: Պատգամավորը առաջարկում է ցանկում ներառել նաև Եռաբլուր այցելությունը։

Հիմնավորման մեջ նշվում է․ «Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաեւ Արցախյան երկու պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ: Այդ նպատակով առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաեւ Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող՝ Եռաբլուր պանթեոնը:

Արցախյան երկու պատերազմները մեր նորագույն պատմության ամենանվիրական էջերն են: Մեր հազարավոր եղբայրներն ու քույրերը գիտակցաբար իրենց կյանքն են զոհել, ուստի Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրքը կմատուցնեք Հայաստանի պետականության համար իրենց կյանքը չխնայած նահատակ հայորդիների հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը Արցախյան երկու ազատամարտերին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել