«Շատ կարևոր է, որ պետական լիազոր մարմիններն անեն առավելագույնը, որ սյուբյեկտիվ խնդիրներ չլինեն, որ անվտանգության համակարգը ավելի արդյունավետ աշխատի, ավելի ու ավելի բարձր մակարդակի լինի։ Բայց բոլորս պետք է հասկանանք, որ դրա համար ժամանակ էլ է պետք, քանի որ նոր առաջնագիծ է՝ բավականին մեծ տոկոսով։ Առաջնագիծը մոտ 2,5 անգամ արդեն մեծացել է, և բնակելի տարածքներին շատ տեղերում շատ մոտիկ է, դրանով պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում»,- ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ մյուս կողմից էլ համոզված է, որ ժամանակի ընթացքում Պաշտպանության բանակի կողմից, համապատասխան այլ մարմինների կողմից անվտանգության համակարգը ավելի կամրանա, ռիսկերը կնվազեն․
«Պետական կառավարման համակարգն էլ պետք է փորձի գոնե հոգեբանական, տեղեկատվական մասով բաց աշխատել, ռիսկերը ներկայացնել, խնդիրները ներկայացնել ու փորձել հնարավորինս իրավիճակը կառավարել, քանի որ հասկանում եք, որ Ադրբեջանը շատ հաճախակի միտումնավոր դիմում է ապակառուցողական քայլերի, սադրանքների։ Նաև միտումնավոր այն պատճառով, որ հոգեբանական ճնշման տակ պահի մեր հասարակությանը։ Իսկ մենք պետք է մաքսիմալ դիմադրողականություն ցուցաբերենք այս տեսանկյունից և հասկանանք այս իրավիճակի լրջությունը»,- նշեց նա։