Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կեցցես Վահե ջան !!!
Ապագա բժիշկն ամեն փրկված կյանքի հետ հասկացել է՝ ճիշտ ճանապարհ է ընտրել…
Պատերազմական պայմաններում, թե խաղաղ օրերին բժիշկը մարտիկ է, որը պայքարում է հիվանդի կյանքի ու առողջության համար: Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկած 44-օրյա պատերազմի ընթացքում շատ ապագա բժիշկներ կամավոր կամ ծառայության բերումով մեկնեցին առաջնագիծ՝ մարդկային ու մասնագիտական սխրանքներ կատարելու:
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքի նվիրումի և անմնացորդ ծառայության համար ՀՀ ԱՆ պատվոգրի է արժանացել նաև ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Վահե Գրիգորյանը:
Նա 2019 թվականից Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում աշխատում է որպես բուժակ: Պատերազմի հենց սկզբից առաջարկ եղավ շտապօգնության բժիշկների խմբի հետ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար մեկնել ռազմաճակատ:
Քարվաճարի շրջանի Չոփռլու կոչվող տարածքում ձևավորվել էր դաշտային հոսպիտալ, որտեղ տեղափոխում էին դիրքերում վիրավորում ստացած զինվորներին:
Առաջնագիծ մեկնած շտապօգնության բժիշկների խումբը կատարում էր իր առջև դրված խնդիրը՝ ելնելով օպերատիվ իրավիճակից:
Վահե Գրիգորյանն ընդգծում է, որ ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքները բավարար էին վիրավորներին առաջին բուժօգնություն տրամադրելու համար: «Որպես ապագա բժիշկ ամեն փրկված կյանքի հետ ավելի էի հասկանում, որ ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Այս պայմաններում բուժօգնություն ցուցաբերելիս հաջողվեց փրկել շատերին…»,- ընդգծում է սովորողը: Նա վստահ է, որ բժիշկը պետք է արագ և ճիշտ կողմնորոշվի, որովհետև ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել հիվանդի համար:
Վահեն նշում է՝ օգնելու զգացումը կրկնապատկվում էր, երբ հասկանում էր, որ վիրավորում ստացածն իր տարեկիցն է կամ տարիքով ավելի փոքր:
Խոսելով պատերազմական օրերին իր կատարած աշխատանքի մասին՝ ապագա բժիշկն առանձնակի հպարտությամբ է նշում ավագ ընկերոջ՝ Ծովագյուղի ամբուլատորիայի տնօրեն, թերապևտ, փորձառու բժիշկ Վիգեն Մկրտչյանի մասին»: