«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին։
«Հարգելի՛ պարոնայք,
Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։
Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։
Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: