Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:
Քննարկվել են ինչպես Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին, այնպես էլ արդեն Արցախ վերադարձած մեր հայրենակիցների սոցիալական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Կարևորելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ձևավորել կայուն սոցիալական միջավայր՝ վերջնական նպատակում ապահովելով բոլոր արցախցիների վերադարձը Արցախ։
Նախարար Առաքելյանն էլ վստահեցրել է՝ արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական․ նախարարությունն անշեղորեն իրականացնելու է որպես առաջնահերթություն սահմանած օժանդակության ծրագրերն այնքան ժամանակ, քանի դեռ կա դրանց անհրաժեշտությունը։