Միով բանիվ, վարչապետի հոդվածն ու քննարկումը արժեքավոր է․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածի հետքերով․ ոչ ամբողջի, բայց կարևոր թեզերի մասով

Ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում չկա Արցախյան հակամարտությանը վերաբերող մի կետ, որն անհայտ է եղել բանակցություններին հետևող յուրաքանչյուրի համար․ թե՛ բամակցություններում մեր թողտվությամբ ու թույլտվությամբ հակամարտության էության նենգափոխումը, երբ ինքնորոշման ձգտող կողմը դարձավ «օկուպանտ», իսկ ագրեսորը՝ «օկուպացիայի զոհ», երբ բանակցություններից Արցախի դուրս բերումը հանգեցրեց հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան ձևաչափ բերելուն, կամ որ անցած 2 տասնամյակում հայկական կողմի ստրատեգիան եղել է Ադրբեջանին հույս տալը, որ տարածքները հանձնման ենթակա են։
Սակայն նախկին բոլոր նախագահությունների սխալներից ու բացթողումներից կարևոր է հասկանալ, թե ինչ արվեց հեղափոխությունից հետո, որը բոլորիս համար շանս էր հավասարապես երկու բան անելու համար։

1․ փոխել կարգավորման գնացքի ռելսերը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածից ակնհայտ է, որ Հայաստանը Սիրիա ականազերծողների կոնտիգենտ ուղարկել է հաշվարկով, որ դա կփոխի Ռուսաստանի մոտեցումը Արցախյան խնդրում ու վերջինս կվերանայի ռուսական կարգավորման փուլափաթեթային տարբերակից Արցախի կարգավիճակի որոշման հարցը հեռացնելու իր դիրքորոշումը․․․ Արդյունքն այն է, որ Ռուսաստանը ցույց տվեց, որ Սիրիական թատերաբեմում իրեն միայնակ չթողնելու Երևանի այդ քայլը չունի այն գինը, ինչ Ադրբեջան ու կասպիական տարածաշրջանն ունեն նրա համար։

Այդպես էլ պետք է լիներ ու դա պետք է պարզ լիներ հենց ամենասկզբից։ Ու հետաքրքիր է, թե ով է խորհուրդ տվել վարչապետին նման անիրական հաշվարկ ունենալ երկու տարբեր հակամարտությունների՝ Մոսկվայի համար ունեցած գնի վերաբերյալ։ Եվ ընդհանրապես, եթե մյուս խորքային սխալը Սիրիայում փրոքսի պատերազմին որևէ կերպ մասնակցելն էր․ Ադրբեջանն այնտեղ էր Թուրքիայի խնդրանքով՝ դեռ 2014-ից, երբ իր տարածքով ու տարածքից վարձկան ահաբեկիչների տրանզիտ դարձավ, իսկ Հայաստանը այնտեղ գնաց հանուն Ռուսաստանի՝ արցախյան խնդրով դիրքորոշում փոխելու ակնկալիքի, ուշացումով, ու չարդարացված հաշվարկով ավելացրեց իր ճակատներից մեկը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ․ իսկ Սիրիայում թուրք-ռուսական տանդեմը մակերևույթից ներքև կռվում էր իրար դեմ, իսկ վերև՝ միմյանց հետ կիսում ազդեցության գոտիներ։

Այդտեղ մենք միայն մակերևույթից ներքևում էինք լինելու, մեր դեմ բերելով Թուրքիային։ Հետևաբար, Թուրքիայի քաղաքականապես մենք տարածաշրջան հրավիրել ենք ոչ միայն 2008-2009թթ․ ֆուտբոլային դիվանագիտությամբ, այլ ռազմական առումով 2019-ին՝ Սիրիա գնալով։ Ու դա ապացուցվում է նրանով, որ արդեն 2019-ի դեկտեմբերին Իդլիբի պրովինցիայում Թուրքիան սկսել էր Ադրբեջան վարձկաններ բերելու պայմանագրերի կնքումը, ինչի մասին հաղորդել են միջազգային զեկույցները, այլ ոչ թե 2020-ի հուլիսին Տավուշի մարտերով, ինչպես վարչապետն է նշում իր հոդվածում։ Այսինքն, Տավուշյան մարտերը սոսկ առիթ էին, այլ ոչ թե պատճառ Թուրքիայի ավելի տեսանելի ռազմական ներկայությունը տեսնելու համար։

Եթե վարչապետը սխալ է տեղեացվել իր Անվտանգության խորհրդի կողմից այս ամենի մասին, ապա դա խնդիր է։ Ի վերջո, վարչապետի հոդվածում մեկ այլ կարևոր պահ էլ կա․ նա խոսում է, որ 2018թ․ դրությամբ, մինչև Հայաստանի հեղափոխությունը կողմերը կանգնած են եղել ռուսական պլանով «առարկայական բանակցությունների» կամ որ նույնն է՝ տարածքներ հանձնելու ժամանակացույց սահմանելու շեմին։ Ադրբեջանը ուշի ուշով հետևում էր Հայաստանում կատարվողին, դրա հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքին, ու հետևություններից մեկն այն էր, որ Մոսկվան այդ հեղափոխության շահառուներից է, մանավանդ, մինչև 2017թ․ աշունը հենց ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր հայտարարում, թե Լավորվի պլան չկա։ Այսինքն, Ալիևը միանգամայն հիմք ուներ ենթադրելու, որ 2018–ի դրությամբ հենց Ռուսաստանն է հրաժարվել իր իսկ պլանից՝ Լավրովի շուրթերով, ապաև՝ կազմակերպել Հայաստանի հեղափոխությունը, որպեսզի «առարկայական բանակցությունները չսկսվեն», Երևանը թայմ-աուտ ստանա, հետևաբար հենց այդ ժամանակ Իլհամ Ալիևը պետք է Մոսկվայից հույսը կտրած թեքվեր դեպի Անկարա, ինչը միանգամայն համընկնում է վերը նշված այլ փաստերի հետ․․․․

Հետևաբար, պատերազմի գնացքը արագացել է արդեն այդ ժամանակ՝ երբ Ալիևը հույսը կտրել է Մոսկվայից, նետվել Էրդողանի գիրկը, իսկ Փաշինյանը Մոսկվայի հաշվարկները փոխելու համար Սիրայում միացել է Պուտինին՝ օգնելով Թուրքիայի հետ նրա տորգերում, սակայն դիմացը ոչինչ չի ստացել․․․․ Այսպիսով, թերևս պատերազմի գնացքը, որը մեկնարկել էր 94-ից, ինչպես արդարացիորեն նշում է Փաշինյանը, արագացել էր 2011-ին Կազանում, կարճատև կանգառ էր կատարել 2016-ի ապրիլյան քառօրյայում, ու կրկին թափ հավաքել 2017-ի վերջից, երբ Լավրովն ինքն էր Բաքվին ասել, թե իր պլանը չկա․․․ Մինչդեռ այն կար․․․

2018-ից կատարված մյուս այլ քայլերը արդարացված են՝ Երևանի ու Ստեփանակերտի միջև ընդհանուր ստրատեգիայի համաձայնեցումը Անվտանգության խորհրդի նիստում, մադրիդյան սկզբունքները միատեսակ մեկնաբանելու պահանջը, Արցախին բանակցություններ վերադարձնելու օրակարգայի հարցը․․․ Սրանք այն քայլերն էին, որոնց առաջադրմանը հայ հանրությունը տասնամյակներով սպասում էին՝ որպեսզի կանխվի բանակցություններում Արցախյան հակամարտության խնդրի նենգափոխումը։ Այստեղ քննադատելու կամ այլընտրանք առաջարկելու տեղ չկա։

Սակայն, հանուն արդարության, այդ ամենը չէր կարող արվել ռուսական բացառիկ միջնորդության դաշտում, քանի որ այդ ամենին հասնելու գործում Մոսկվան ոչ թե նույնական շահեր ուներ Երևանի, այլ Բաքվի հետ։ Ու դա ցույց տվեց նաև Մոսկվայի պահվածքը, ով անկախ 2019-ի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներից, շարունակեց պնդել ռուսական պլանը․․․
Այսպիսով, Երևանի հիմնական սխալներն էին՝ անիրական հաշվարկով Սիրական թատերաբեմը Արցախի խնդրի հետ կապելը, Թուրքիային՝ իր դեմ դուրս գալու կապանքներից իսպառ ազատելը, ճիշտ խնդիրներ բայց ոչ ճիշտ դաշտում դնելը, որի պատճառով կարգավորման ռելսերի փոփոխություն չհաջողվեց արձանագրել․․․

2․ փոխել պատերազմի գնացքի ռելսերը․ սա թերևս վարչապետի հոդվածում ամենակարևոր մասերից մեկն է։ Ն․Փաշինյանը միանգամայն սթափ է վերլուծում Ադրբեջանի կողմից խնդիրը ռազմական եղականակով լուծելու ավելի մեծ շահագրգռությունը, քան փոխզիջումային-քաղաքական լուծման ցանկությունն է եղել /իրականում դա 0,00000 տոկոս է եղել ու այստեղ նա երիցս ճիշտ է/։ Իսկ պատերազմի ռելսերի փոփոխությունը պետք է հետապնդվեր ոչ միայն քաղաքական կարգավորման ռելսերի փոփոխությամբ, այլ նաև զսպման քաղաքականությամբ։ Այդ խնդիրը դրվեց Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, բայց այս տարի։ Թուրքիային կովկասյան թատերաբեմից հեռու պահելու նպատակը պետք է լիներ դեռևս Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու պահից, երբ Անկարան այնտեղ նկատելու էր մեզ իր դեմ ճակատում կանգնած․․․

Հենց դրա համար անդրադարձա վարչապետի հոդվածի այն մասի վրա, թե իրականում երբ է Ադրբեջանը թեքվել դեպի Անկարա ու ռազմաքաղքական ղեկավարությունը դրա ստույգ ժամկետները պետք է իմանային/իմանան։ Ու հենց այդ պահից սկսած Թուրքիային չեզոք պահելու քայլեր ձեռնարկվեին։ Այդպիսիք հայտնի չեն։ Խնդիրն այն չէ, որ Թուրքիան Հայաստանին բարեկամ էր դառնալու ու լքեր Ադրբեջանին։ Շատ ավելի մեղմ Թուրքիան 1993-94-ին միայնակ չթողեց Ադրբեջանին, ինչ մնաց Էրդողանի սանձարձակ ու ագրեսիվ Թուրքիան հայամետ դառնար․․․

Խոսքը վերաբերում է նրան «Կովկասյան հարցերում զսպվածության կապանքներից» դուրս գալու հիմքեր չտալուն։ Իհարկե, այդ հարցի որոշողը Մոսկվան էր, ոչ թե Երևանը։ Անկարան Կովկասում Մոսկվային պետք է ընդդեմ ԱՄՆ-ի ու Արևմուտքի խաղալու համար։ Իհրակե, Էրդողանին Կովկաս գլխավոր հրավիրողը եղել է Մոսկվան՝ մասամբ Ալիևի շուրթերով՝ խնդրանք-աղաչանքով, մասամբ էլ Երևանի միջոցով, ու ահա այստեղ է, որ աչքի է զարնում պաշտոնական Երևանի որոշ հակաթուրքական հոխորտանքներ․․․ Ում խնդրանքով ու ցանկությամբ էր դա արվում՝ Մոսկվայի, թե Փաշինյանի թիմի․․․ Հարց է, որի պատասխանը պետք է ունենա ինքը՝ Փաշինյանը, ով ազատեց Զոհրաբ Մնացականյանին․․․ Ինչո՞ւ․․․

Առավել կարևոր է այն, որ եթե գիտակցվել է պատերազմի ավելի մեծ հավանականությունը, քան քաղաքական կարգավորմանը, ապա ինչպես է Հայաստանը պատրաստվել պատերազմին։ Սա թերևս մի հարց է, որին անդրադառնալու համար պետք է տիրապետել ռազմական որոշ գաղտնիքների, զեկույցների, իսկ դրանք ինձ հասանելի չեն։ Բայց հենց այստեղ է, որ ծագում են պատերազմի ընթացքում դիտված բազում անոմալիաների, դավաճանության մասին չհերքված ու չապացուցված մեղադրանքների, նոր սերնդի պատերազմին անպատրաստ լինելու հարցերը։

Միով բանիվ, վարչապետի հոդվածն ու քննարկումը արժեքավոր է։ Սա անցյալը փորփրելու, պատասխանատվություններն ու մեղավորությունները բացահայտելու համար չէ միայն, որ կարևոր է։ Սա հենց կարևոր է ապագա զարգացումների ուղղվածությունը հասկանալու ու ճիշտ ուղով գնալու համար»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել