ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը տարեմուտի առթիվ․
Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժաղովուրդն ապրում է իր պատմության դժվարին ժամանակաշրջաններց մեկը, երբ կորոնավիրուսային համավարակին զուգորդած Արցախյան երրորդ պատերազմը խլեց հազարավոր լուսավոր կյանքեր ու մեր պատմական Հայրենիքի զգալի մասը:
Այսօր չափազանց շատ են մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Սակայն դարերի ընթացքում հայն իր անկոտրում կամքով բազմիցս կարողացել է իր մեջ ուժ գտնել և հաղթահարել պատուհասած փորձությունները, շտկել ճակատագրի հուժկու հարվածից կորացած մեջքը և շարունակել ապրել ու արարել։
Հարգելի՛ հայրենակիցներ, այս համատարած ցավին պետք է հաջորդի համախմբումը, միասնաբար ու համակարգված աշխատանքը` ի շահ մեր Հայրենիքի և ի հիշատակ մեր հայրենանվեր քաջերի: Չէ՞ որ մենք՝ հայերս, ունենք ազգային մի հատկանիշ. դժվար կացությունից դուրս գալու հույս ենք գտնում, իսկ ողբերգությունից` մխիթարություն:
Ինչ խոսք, մենք երբեք չենք մոռանա այն, ինչ ապրեցինք 2020-ին։ Այն իր անջնջելի հետքը թողեց մեր պատմության էջերում և մեր հոգիներում։ Բայց և եկեք ընդունենք, որ կյանքը շարունակվում է։ Եվ մենք՝ ապրողներս, պետք է մեր ապրած ամեն օրով արժանին մատուցենք մեր հերոս նահատակներին և մեր Հայրենիքին։
Ուստի եկեք 2021 թվականը սկսենք նոր հույսերով և նորոգ հավատով։ Եվ նոր տարում հանդուրժողականությունն ու կամեցողությունը դարձնենք մեր կյանքի ուղեկիցն ու կարգախոսը: Եվ հավատացած եղեք, որ այս պարագայում մեր ցանկալի հաջողություններն իսկապես անխուսափելի կդառնան։
Թող 2021-ին մայրական օրհնանքն ու հայրենի հողի սատար ուժը նեցուկ լինեն սահմանին կանգնած մեր զինվորին, ու թող մեր սահմանը պահող հայորդիներն ապահով և անփորձանք վերադառնան տուն: Իսկ հայրենի հողի պաշտպանության համար նահատակված մեր քաջարի հերոսները թող հանգչեն խաղաղությամբ։ Խունկ ու խոնարհում նրանց հիշատակին։
Հարատևություն, խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին:
Աստված պահապան Հայոց հողին ու ժողովրդին: