«Անցնող տարին մենք ճանապարհում ենք, թե՛ նկատելի ձեռքբերումներով, թե՛ դժվարություններով ու ցավալի կորուստներով». Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդես է եկել Ամանորյա ուղերձով, որում ասված է․

«Անցնող տարին մենք ճանապարհում ենք թե՛ նկատելի ձեռքբերումներով, թե՛ դժվարություններով ու ցավալի կորուստներով։

Տնտեսական տարին մենք սկսեցինք հստակ ծրագրերով ու կարեւորագույն ձեռնարկներով։ Տարվա սկզբից պետական միջոցների հաշվին ակնկալվում էր շուրջ 20 միլիարդ դրամի ներդրում մարզի ենթակառուցվածքների զարգացման, բնակչության կենսապայմանների բարելավման, սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության հիմնախնդիրների կարգավորման ուղղություններում։

Սակայն տարին այլ ընթացք ունեցավ նախ աշխարհի անդորրը խաթարած համավարակի, ապա մեզ պարտադրված աղետալի պատերազմի պատճառով։ Այդուհանդերձ, նման ծանր իրավիճակում, ՀՀ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները կարողացան կյանքի կոչել կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր։
Գեղարքունիքի մարզում այս տարվա ընթացքում հաջողվել է կյանքի կոչել 85 սուբվենցիոն ծրագիր՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված 114 ծրագրի փոխարեն։

2020 թվականին մարզում հաստատվել է 6 միլիարդ 52 միլիոն դրամի սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության տարբեր ծրագրեր, սակայն 2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ հաջողվել է իրականացնել 5 միլիարդ 308 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ։ Վեց ծրագիր դադարեցվեց սահմանամերձ համայնքներում, ռազմական գործողությունների գոտուն մոտ գտնվելու պատճառով, մի շարք ծրագրեր էլ չհաջողվեց իրականացնել տարբեր պատճառներով։

Դրանք կյանքի կկոչվեն 2021 թվականի ընթացքում։
Մարզի գրեթե բոլոր համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվեցին ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարներ, լուսավորության ցանցեր, հիմնանորոգվեցին մանկապարտեզներ, մշակույթի տներ։
Նշանակալի ձեռքբերում արձանագրվեց նաեւ մարզի ճանապարհաշինության ոլորտում։ Բավական է նշել, որ այս տարվա ընթացքում պետական տարբեր ծրագրերով մարզում հիմնանորոգվել է 99 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական ու տեղական նշանակության ճանապարհներ, որոնց իրականացման համար ներդրվել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ։ Համաշխարհային բանկի ծրագրերով հողային աշխատանքներ են իրականացվել Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ եւ Ծովակ-Մաքենիս-Լճավան-Ախպրաձոր ճանապարհներին՝ շուրջ 20 կլիոմետր երկարությամբ։ Նշված ուղղություններում ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2021 թվականի ընթացքում։

Ասիական զարգացման բանկի միջոցներով այս տարի ավարտվել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները: Նույն միջոցներով նախատեսվում է կառուցել Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցները:
Պետական բյուջեի միջոցների հաշվին Ջիլ, Շատջրեք և Լեռնահովիտ բնակավայրերում նախատեսված էր իրականացնել ՀՀ կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագիրը, որի շրջանակներում վերջին երկու բնակավայրերում շինարարական աշխատանքները արդեն սկսվել են, իսկ Ջիլում դրանք տեղափոխվել են հաջորդ տարի: Նույն միջոցների հաշվին Ներքին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում 2018 թվականին մեկնարկած շինարարությունը մնացել է անավարտ՝ նախագծային փոփոխություններ կատարելու պատճառով:
2020 թվականին Համաշխարհային բանկի ծրագրով սկսվել է Մարտունի քաղաքի հիվանդանոցի նոր շենքի կառուցումը:

Մարզի տարբեր բնակավայրերում սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք ծրագրեր էլ իրականացվել են այլ գերատեսչությունների միջոցով:
Ուզում եմ առանձնահատուկ շեշտել մեր մարզի բժիշկների շուրջօրյա գերբեռնված աշխատանքը, որոնց շնորհիվ կյանք վերադարձան հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված բազմաթիվ զինծառայողներն ու կամավորները, ինչպես նաև համավարակով հիվանդացած մարդիկ:
Ցավոք, պատերազմը մեզանից խլեց մեր թանկ զավակներին, որոնց սխրանքի առջեւ խոնարհվում ենք ազգովի, սգում մեր անդառնալի ու թանկ կորուստները։ Խոնարհվում ենք նաեւ այն հերոս տղաների առջեւ, ովքեր վերապրեցին այս աղետալի պատերազմից։ Նրանց գործն ապրելու է դարեր՝ ապրեցնելով նաեւ մեր հայրենիքը։
Սիրելի հայրենակիցներ, նոր տարին իր հետ բերում է նոր հույսեր ու ակնկալիքներ։ Հուսամ, որ գալիք տարում մենք մեր մեջ ուժ կգտնենք՝ հնարավորինս արագ ապաքինվելու մեզ հասցված ծանր վերքերից, անսահման դառնություններից ու կորուստներից։

Յուրաքանչյուրիս ջանքներից ու նվիրումից է կախված մեր հայրենիքի խաղաղությունը, հզորացումն ու զարգացումը, մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը:
Այդ հավատով ու լավատեսությամբ էլ թույլ տվեք շնորհավորել ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել խաղաղությամբ ու արարչագործությամբ, նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով լի տարի։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել