Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հանդես է եկել Ամանորյա ուղերձով, որում ասված է․
«Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Այս տարի, ցավոք սրտի, մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար, սակայն այս տոնը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները հիշելու և գալիք տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ։
2020 թվականին մեր մարզում իրականացվել են կրթական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական և բազում այլ ծրագրեր՝ միտված մեր բնակչության, մեր ժողովրդի, քաղաքացու կյանքի որակի բարելավմանը: Սակայն այդքանով, իհարկե, չենք սահմանափակվելու. դեռ շատ անելիքներ ունենք նաև առաջիկա տարում, ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս: Յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր գործունեությամբ պետք է նպաստենք, թե՛ մեր մարզի, թե՛ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, որպեսզի ամեն ոք զգա դրական փոփոխությունները: Եվ այդ ամենին մենք պետք է հասնենք միասին՝ քայլ առ քայլ, երկար ու ջանասիրաբար աշխատանքի արդյունքում, քանզի ցանկացած ծրագիր շատ ավելի բարեհաջող է իրականանում, եթե նրանում իր ուրույն մասնակցությունն է ունենում ժողովուրդը:
Մենք՝ հայերս, մեր կենսափորձով ու դարերով եկող մեր պատմությամբ բազմիցս ապացուցել ենք, որ ծանր ժամանակներում ունենք համախմբվելու և դժվարությունները միասին հաղթահարելու ունակություն և առանձնահատկություն:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ 2021 թվականը լինի սիրո, խաղաղության, բարօրության, արարելու և նպատակներն իրականություն դարձնելու տարի: Առողջ լինենք ու լավատես:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»