Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդես է եկել ուղերձով, որում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում 2020 թվականը: Անցնող տարին, ցավոք, մեր սրտերում թողեց չսպիացող վերքեր և մեր հիշողություններում կմնա որպես մեր հերոսների ընդհատված երազանքների տարի:
Խոնարհվում եմ հանուն խաղաղության, հանուն լուսավոր ապագայի նահատակված մեր եղբայրների ու քույրերի սուրբ հիշատակի, բոլոր զինվորների ու նրանց ընտանիքների առջև:
Տարեմուտին հաշված ժամեր են մնացել: Ցանկանում եմ, որ կատարվի մեր համազգային երազանքը՝ խաղաղություն լինի Հայոց աշխարհում, որ մայր հողում ծառ ու ծաղիկ բուսնի, նորածնի ճիչ, երեխայի զրնգուն ծիծաղ հնչի բոլոր ընտանիքներում:
Թո՛ղ իրականանան մեր ժողովրդի երազանքները, լուսավոր ապագայի նկատմամբ հույսերն ու սպասումները:
Թո՛ղ 2021 թվականն ազդարարի մեր երկրի վերելքը, թո՛ղ այն լինի ձեռքբերումների, առաջընթացի և ստեղծարար աշխատանքի տարի:
Մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն, բարօրություն, բազում հաջողություններ ու նվիրական իղձերի իրականացում:
Բոլորին բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ եմ մաղթում»: