«11 տան բնակիչներն իրենց իրերը հանում են։ Մինչև ամսի 2-ը կարող են ազատ իրենց տներում մնան, հետո արդեն պարզ կլինի՝ ինչ ընթացք է ստանում։ Եթե հանկարծ ինչ-որ մի բան չստացվի, գոնե իրերը հանի ժողովուրդը»,- Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ այս պահին հստակ ոչ ոք ոչինչ չի ասում։
«Հստակ բանն այն էր, որ ԱԱԾ-ի տնօրենը զանգեց իրենց տնօրենին, Մոսկվայի։ Եթե մի երկու ժամ ավել խոսեր մեր ԱԱԾ-ի տնօրենը, կարող է մի երկու տարի էլ ժամկետ վերցնեին»,- ասաց նա։
Համայնքապետն ասում է՝ հիմա բնակիչները կամաց-կամաց իրենց իրերը հավաքում են, որ վաղը հանկարծակիի չգան․
«Որովհետև երեկ թուրքի խոսքերն էր, որ առավոտը գալիս եմ ժամը 9-ին զորքս բերում եմ, թող փորձվի մեկը ստեղ լինի։ Կարճամիտ մարդիկ են, կգան, մեր ժողովրդից մեկին մի վնաս կտան»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Հունվարի 2-ին, ըստ համայնքապետի, պարզ կլինի՝ ինչ է լինում․
«Միգուցե մեր կառավարությունը մի լավ բան անի, կազմակերպի, որ մնան մեր տարածքում։ Չէ՞ որ այս գյուղը Հայաստանի Հանրապետության տարածք է»,- ասաց նա։
Խոսելով Որոտան գյուղի մասին՝ համայնքապետն ասաց․
«Որոտանում 3-4 կմ հատվածն Ադրբեջանով ես անցնում, իրանց պլակատներն են։ Այնտեղ կա մի վիճելի տան հարց, որ չեն թողնում վեշերը հանի էդ մարդը, էդ տունը գյուղապետի եղբոր տունն է»։