«Բաց կառավարման գործընկերությունը» մեկնարկել է 2011 թվականին՝ 8 կառավարությունների կողմից (ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն)․ այս գործընթացը միտված է եղել ավելի թափանցիկ, մասնակցային, նորարար դարձնելու կառավարման համակարգը։ Հայաստանն իր առաջին գործողությունների ծրագիրը ներկայացրել է 2012 թվականին։ Արդեն կազմվել և ավարտվել է թվով 4 գործողությունների ծրագիր։ Առաջիկա տարում նախատեսվում է մշակել 5-րդ գործողությունների ծրագիրը։
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարաման գործընկերություն»-Հայաստան նախաձեռնության համակարգող քարտուղար, հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը։
«Նախաձեռնությունը, եթե պարզ խոսենք իրենից ներկայացնում է այլընտրանքային, յուրահատուկ երկխոսության գործիք, որն ապահովում է համատեղ աշխատանք՝ քաղաքացիների, քաղհասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների և կառավարության համար։ Այս գործիքի կանոնների շնորհիվ քաղհասարակության ներկայացուցիչները, փորձագետները հնարավորություն ունեն ձևավորելու իրենց խոսքն ու առաջարկությունները ներկայացնելու կառավարությանը, և կառավարությունը 2 տարի ժամկետում պարտավորովում է դրանք իրականացնել»,-նշում է նա։
Հնարավոր է ոչ միայն ներկայացնել առաջարկություն, այլև հետևել դրանց իրականացման ընթացքին, կատարել մշտադիտարկում։
Կորոնավիրուսային համաճարակն ու Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած արցախյան պատերազմը որոշակի փոփոխությունների են մտցրել ոլորտային առաջնահերթություններում։ «Կառավարությունը վերանայում է իր բոլոր ռազմավարական գործողությունները և դրանք ավելի մոտեցնում՝ լուծելու պատերազմից հետո առաջացած սոցիալական, տնտեսական խնդիրները»,-նշում է Լիլյա Աֆրիկյանը՝ հավելելով, որ հունվար և փետրվար ամիսներին՝ խնդիրները հավաքագրելիս հաշվի կառնվեն այն բոլոր հարցերը, որոնք կառավարության և հայաստանյան հանրության համար կարևոր են։
2018-2020 թվականների գործողությունների ծրագրի 11 հանձնառությունները ավարտին հասցվել են։ Դրանցից 6-ը քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկներ են եղել, որոնց շարքում եղել են օրենսդրական նախաձեռնություններ կամ փոփոխություններ, որոնք նախկինում նախատեսված չեն եղել։
«Կառավարության համար շատ կարևոր է իրական երկխոսությունը քաղհասարակության, քաղաքացիների հետ։ Առհասարակ, այս գործընթացի ժամանակ, երբ մենք մշակում ենք գործողությունների ծրագիրը, մեր գործընկերները մեծ ակտիվություն են ցուցաբերում։ Ստանձնում ենք հանձնառություններ՝ իրենց առաջարկությունների հիման վրա, իրենց կոնսուլտացիաների արդյունքում, բայց իրականացման փուլում այդ ակտիվությունը չի նկատվում և դա անդրադառնում է իրականացման որակի վրա, որովհետև մի բան է, երբ ներսից խնդիրը ձևակերպում ու սկսում ես իրականացնել, մեկ այլ բան է, երբ շահառուն չի տալիս հետադարձ կապը, թե ինչ փոփոխություն է կատարվել»,-ասաց Լիլյա Աֆրիկյանը և նշեց՝ ավելի ցանկալի կլիներ, որ քաղաքացիներն ակտիվ լինեն նաև իրականացման փուլում․ «մենք դրա կարիքը շատ ունենք»։
Նշենք, որ հրապարակումը պատրաստվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Աջակցության ստորաբաժանման օժանդակությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում