Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։
Հանրային հեռուստաընկերության պաշտոնական էջում հրապարակված կենսագրության մեջ նշվում է․ «Նա Հայաստանի ամենազգացմունքային մեկնաբանն է, ում համար յուրաքանչյուր հայ մարզիկի հաղթանակն իր սեփականն է, պարտությունը՝ նույնպես: Աշխատանքի հիմքում աներևակայելի սերն է առ հայն ու հայրենիքը:
Լինելով միաժամանակ կադրում և կադրից դուրս՝ Կարեն Գիլոյանը լավագույնս գիտի հայկական սպորտի պատմությունը, ամենժամյա ճշգրտությամբ հետևում է ներկա գործընթացներին, ինչպես նաև հստակ կանխորոշում է զարգացման ուղին:
Կարեն Գիլոյանը 1998 թ-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած պատանեկան օլիմպիական խաղերը, 2004 թ-ին՝ Աթենքում, 2008 թ-ին՝ Պեկինում, 2012 թ-ին՝ Լոնդոնում, 2016թ-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային, 2006-ին՝ Թուրինում, 2010-ին՝ Վանկուվերում, 2014-ին՝ Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը: Ընդհանուր առմամբ, մրցավայրից լուսաբանել է աշխարհի ավելի քան 17 և Եվրոպայի 25 առաջնություն:
Կարեն Գիլոյանը ՀՀ դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է, ինչպես նաև՝ ՀՀ Ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
2007 թ-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով, 2016 թ-ին՝ Երախտագիտության մեդալով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից արժանացել է Տրդատ 3-րդ Արշակունի և Հրանտ Շահինյանի անվան հուշամեդալների, ՀՀ սպորտի նախարարության կողմից՝ ոսկե մեդալի:
2016 թ-ից Կարեն Գիլոյանը նաև Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետն է»: