Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների վեցամսյա և Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների եռամսյա աջակցության ծրագրերի 2020 թ․ դեկտեմբեր ամսվա համար դիմումներն արդեն ընդունվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող ֆիզիկական անձը պետք է էլեկտրոնային դիմում լրացնի online.ssa.am կայքէջի «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» բաժնի «ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա աջակցության դիմում» կամ «ԱՀ վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը կորցրած չափահաս քաղաքացիների ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա աջակցության դիմում» դաշտում։
Հյուրընկալը պետք է լրացնի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային քարտի համարը։ Պարտադիր է նաև նշել հյուրընկալվողի (հյուրընկալվողների) անուն- ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը):
Հիշեցնենք, որ 2020 թ․ դեկտեմբեր ամսվա համար դիմումներն ընդունվում են դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։