ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հյատնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
«Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն Կոնյուկին մեր երկրում ստանձնած առաքելության կապակցությամբ և մաղթել արդյունավետ, երկու բարեկամ երկրների շահերին նպաստող բեղմնավոր գործունեություն:
Արթուր Դավթյանը վստահություն է հայտնել, որ իր նախկին՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում պարոն Կոնյուկի աշխատանքային փորձառությունը, այդ համատեքստում երկու երկրների դատախազությունների միջև ծավալված երկկողմ և բազմակողմ գործակցությունը, միջանձնային ջերմ և անմիջական հարաբերությունները լուրջ նախադրյալներ են ստեղծում երկու կառույցների միջև համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար՝ միտված այն առավել սերտ, թիրախային դարձնելուն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ առկա բազայի և իր համար տեսանելի ինստիտուցիոնալ կարիքների հիման վրա խթանելու իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների ռեսուրսներն առավել նպատակային կիրառելուն ուղղված նախաձեռնությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցությանը, երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, դրանից բխող համատեղ ծրագրերին, հնարավոր ուղղություններին և մեխանիզմներին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագության մեջ: