«ՀՀ օդային տարածքով տեղի ունեցած Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին». վարչապետի նախկին խորհրդական

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի TK-336 Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին:

Այսօր մի քանի անգամ դիմել են ինձ, այս թռիչքի իրականացման գնահատականի հարցով:

Քանի որ այս իրողությունը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առիթ՝ այս գրառումով կբացատրեմ նրա ավիացիոն, իրավական կողմը:

ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար:

Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք փակ չի եղել հայական օդանավեր համար:

Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան…) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով:

Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի:

Այդ ընթացքում եղանակային վատ պայմանների պատճառով Երևանում վայրէջք է կատարել դեպի Բաքու ուղևորվող ադրբեջանական օդանավ, Բաքվում նույն պատճառներով վայրէջք է կատարել Աէրոֆլոտի Մոսկվա-Երևան երթուղու օդանավը:

Եվ բոլոր դեպքերում և՛ օդանավը, և՛ ուղևորները բացարձակ առանց որևէ խնդրի, բարեհաջող, և առանց որևէ խոչընդոտների, նշանակման օդանավակայանի եղանակային պայմանների կարգավորման դեպքում շարունակել են իրենց թռիչքը:

Սա միջազգային ավիացիոն կարգավորումներ են: Որտեղ չկա և չի կարող լինել որևէ քաղաքական աստառ: Երբ չկա վայրէջքի պիտանի օդանավակայան, անկախ պատճառներից, օդաչուներն օդում կարող են որոշում ընդունել վայրէջք կատարել ցանկացած, վայրէջքի համար պիտանի օդնավակայանում:

Օդանավը չի կարող անվերջ մնալ օդում: Եվ քաղաքացիական ուղևորները չպիտի զոհվեն երկու երկրների միջև վարվող պատերազմի պատճառով:

Տվյալ թռիչքը կատարվել է Ադրբեջանի կողմից վերոնշյալ օդուղու արգելափակումը դադարեցնելու (կամ հատուկ, Թուրքիշի համար) հետևանքով:

ՀՀ տարածքի վրայով թռչքներ կատարելու իրավունք ունեցող ավիաընկերության կողմից:

Հարցը դուրս է քաղաքական դաշտից»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել