Դրամաշնորհներ կտրամադրվեն ևս 27 արտադրողների և վերամշակողների․ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է․

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի շրջանակներում հայտարարված 5-րդ փուլի մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 27 բիզնես-հայտեր։

Հաղթող ճանաչված յուրաքանչյուր կազմակերպությանը, 50% համաֆինանսավորման սկզբունքով, կտրամադրվի մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհ՝ արտադրական կարողությունները զարգացնելու և արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

Դեկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Ագրովերմշակող ձեռնարկություններին կառավարությունը մի քանի գործիքների միջոցով է աջակցություն տրամադրում։ Օրինակ, 2020 թվականին գյուղատնտեսության զարգացման ծրագրերով միայն ագրովերամշակման ոլորտի սարքավորումների ձեռքբերման նպատակով տրամադրվել է 5,5 մլրդ դրամի լիզինգ, ինչը 2 անգամ ավել է, քան 2019 թվականին։ Այս ծրագրի շրջանակում 2020 թվականին պայմանագրեր կնքվեցին 30 վերամշակող կազմակերպության հետ, որից 17-ում արդեն ներդրվել են ISO-22000 և HACCP սննդի անվտանգության համակարգեր», – նշել է Արման Խոջոյանը։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ մինչև գյուղատնտեսական արտադրական սեզոնի սկիզբը կազմակերպությունները կկարողանան ձեռք բերել սարքավորումները, վերազինել իրենց արտադրությունները, կազմակերպել առավել արդյունավետ արտադրոություն և լինել ավելի մրցունակ շուկաներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված  գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել