Դատախազության հայտարարությունը՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման մասին

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հրապարակումներ այն մասին, որ արվել են հրապարակային կոչ-հրավերներ կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացման մասին: Առանձին դեպքերում այդ կոչերում օգտագործվել են նաև վիրավորական, ըստ էության, ատելության խոսքին բնորոշ արտահայտություններ: Այս մասին հայտնում է դատախազությունը։

«Հարգանքով մոտենալով օրենքով չարգելված հավաքներ անցկացնելու քաղաքացիական իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններին՝ այդուհանդերձ, նման արտահայտությունները, ձևակերպումներն իրենց մեջ պարունակում են այդ ակցիաների ընթացքում հնարավոր բռնությունների, հասարակական կարգի խախտման հանգեցնող, ինչպես նաև ապօրինի այլ գործողությունների էական ռիսկեր:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջում է զերծ մնալ նման բովանդակությամբ հրապարակային հայտարարություններ անելուց և այդպիսիք արդարացնելուց, ինչպես նաև այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը, ս. Էջմիածին այցելող քաղաքացիների այլ իրավունքները, ոտնահարել և վիրավորել վերջններիս հոգևոր զգացմունքները և կարող են հանգեցնել միջխմբային բախումների:

Նախազգուշացնում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները նման դրսևորումները կասեցնելու և կանխելու համար, իսկ այդպիսիք տեղ գտնելու և հանցավոր բնույթ կրելու դեպքում դրանցում ներգրավվող բոլոր անձինք անխուսափելիորեն կենթարկվեն քրեական պատասխանատվության»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել