Սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժխնդիր լինելու շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակիչը տարիների ընթացքում չի համակերպվել իր քեռորդուն սպանելու հանգամանքի հետ և որոշել է վրեժխնդիր լինել՝ սպանել այն անձին, ով դեռևս 2009թ. տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանել էր իր եղբորը:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, նա ձեռք է բերել «Churchill» տեսակի որսորդական ողորկափող հրացան` փամփուշտներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ 32-ամյա տղամարդը նախապես է պլանավորել իր գործողությունները. դարանակալելով հետևել է, թե որ ժամին է գործով տուժողը տանից դուրս գալիս, և դեպքի օրը՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, իր ընկերոջ ավտոմեքենայով, վերջինիցս թաքցնելով իր մտադրությունները, գնացել է նրա բնակության վայր և սպասել մինչև տանից դուրս գա:

Տեսնելով, որ վերջինս մոտենում է ավտոմեքենային, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրացանից երեք կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝ այդ թվում կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, ձախ ուսահոդի և բազկի, կոնքի, ողնաշարի շրջանների հրազենային, կոտորակային բազմաթիվ վնասվածքներ:

Այնուհետև տեսնելով, որ նա վայր է ընկել՝ դիմել է փախուստի, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հավաքված քաղաքացիների օգնությամբ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց, և նրա կյանքը փրկվել է՝ ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել