Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Կապանի համայնքապետ

Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները դադարել են օգտվել այդ ավտոճանապարհից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Մենք ունենք երեք խնդրահարույց ճանապարհ` Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Կապան-Գորիս ճանապարհը գործում է, Կապան-Ճակատենը գործում է, սակայն Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել չօգտագործել, որովհետև ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո»,- ասաց Փարսյանը:

Համայնքապետը նշեց, որ կա այլընտրանքային ճանապարհ, որն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի ու մի քանի անգամ ավելի երկար է:

«Ճանապարհը չօգտագործելու պատճառով` որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուջանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել»,- նշեց Գևորգ Փարսյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել